Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագի՞րք է ստացել

«Ժառանգությունը» Վատիկանից  նոր աղոթագի՞րք է ստացել
07.04.2017 | 12:11

Ընտրություններից հետո Հայաստանում սովորաբար կենտրոնակայան է դառնում Ազատության հրապարակը: Ապրիլի 3-ին ոչ ոք ցանկություն չհայտնեց ավանդույթին տուրք տալ: Ոչ էլ 4-ին, 5-ին կամ 6-ին: Դե իսկ 7-ին ավարտվում է կանանց միամսյակը՝ տղամարդկանց տոնը չի կարելի փչացնել: Անքուն գիշերից հետո արթնացած քաղաքական ուժերը սկսեցին գնահատել իրենց ձեռքբերումներն ու կորուստները՝ հաղթողները շնորհակալ էին Աստծուն ու ընտրողին, պարտվողներից շնորհակալ էր միայն ՕԵԿ-ը, մյուսները մեղադրեցին բոլորին, բայց իրենց մեղքը չտեսան ընտրությունների արդյունքների մեջ: Բողոքներ չուներ նաև ընտրողը: Նրանք, որ ընտրել էին իրենց ցանկությամբ, կամ հաղթել էին ու գոհ էին, կամ պարտվել էին ու համաձայն էին: Նրանք, որ ընտրել էին ֆինանսական ուղղորդմամբ, գնացին խանութ ու արդեն իսկ բողոքելով դուրս եկան: Հասարակական գիտակցության մեջ ընտրությունը դեռ ընտրություն չի դարձել ու դա անկախության քառորդ դարի ամենակասկածելի հաջողությունն է իշխանության համար:


Ապրիլի 6-ին որոշեց ասուլիս տալ ՕՐՕ-ի «Ժառանգության» հատվածը՝ ապացուցելու, որ սկանդալով սկսվածը սկանդալային ընթացք է ունենում: Եթե նրանք արտահայտում էին դաշինքի տեսակետը, ո՞ւր էին Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը: Ո՞Ւր էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրություններից հետո մինչև ասուլիս ՕՐՕ-ն խոսում էր ընտրակեղծիքների մասին, ասուլիսում Արմեն Մարտիրոսյանը գնահատական տվեց նոր խորհրդարանին: Մեղմ ասած՝ վիրավորված մարդու սուբյեկտիվ գնահատական: Երբ «Ժառանգությունը» պատրաստվում էր հինգերորդ գումարման խորհրդարանի թեկնածուների առաջադրմանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը անակնկալ որոշեց «Ազատ դեմոկրատների» հետ միավորվել ու կազմեց հենց այն ընտրացուցակը, որով մասնակցեցին ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը չէր համարում, որ դա ինչ-որ մեկի նախագիծն է, թեպետ ներկուսակցական քննարկումներում ոչ մինչ այդ Ռուբիկ Հակոբյանի, ոչ էլ այդ պահին «Ազատ դեմոկրատների» հայտնությունը գրկաբաց չընդունվեց: Եղան քաղխորհրդից հեռացողներ: Ո՞վ էր ճիշտը՝ այլևս հարց չէ՝ խմբակցությունը խորհրդարանում այնքան մասնատվեց, որ նույնիսկ մարդ չէր մնացել, որ ղեկավարեր: Հունվար-փետրվարին «Ժառանգությունը» գիշեր-ցերեկ ժողով էր անում, որ որոշեր՝ մասնակցո՞ւմ է ընտրություններին, թե՞ ոչ: Երբ վերջապես որոշեց մասնակցել, սկսվեցին բուն սկանդալները՝ հիմա էլ պիտի որոշեին մենա՞կ է մասնակցում, թե՞ դաշինքով:

Ինչո՞ւ նրանք, որ իրենց համարում են եվրոպական արժեքներ կրող, փակեցին դուռը «Ազատ դեմոկրատների» հետ, եթե նախորդ ընտրություններում նրանց հետ հասել էին հաջողության: Ինչո՞ւ չստացվեցին բանակցությունները «Ելքի» հետ, որ դեռ անուն էլ չուներ, ինչո՞ւ գնացին ու ապագա «Ելքից» պահանջեցին ցուցակի առաջին տեղը այն պահին, երբ դաշինքում այդ հարցը չէր էլ քննարկվել: Ակնհայտ էր, որ «Ժառանգությունը» որոնում է մեկին, ով ուներ փող, բայց հրապարակավ ուզում էր գաղափարական ներկայանալ: Գագիկ Ծառուկյանը նրանց մերժեց: Մնում էր Սամվել Բաբայանը, որ շրջում էր գրասենյակից գրասենյակ ու փող էր առաջարկում՝ քաղաքական բրենդի դիմաց: Եվ՝ վերջապես, ինչո՞ւ «Ժառանգությունը» մնաց դաշինքում, երբ հեռացան ՀԴԿ-ն ու «Երրորդ հանրապետությունը»: Ո՞Ւմ նախագիծն էր, որ հենց այդ ուժերը ու այդ կազմով պիտի մասնակցեն ընտրություններին՝ այն ժամանակ Արմեն Մարտիրոսյանին այդ հարցը չհետաքրքրեց: Առաջին անգամ խորհրդարանում «Ժառանգությունը» հայտնվեց, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Բնական է, որ ոչ ԱԴ-ն, ոչ «Ելքը» չէին բավարարի պահանջները մի կուսակցության, որի թիկունքում երկրորդ նախագահն է: ՈՒ պետք չէ հիմա ինչ-որ գաղափարներ ծածանել, խոսել ազնվությունից ու արդարությունից: Միանշանակ է, որ եթե ՕՐՕ-ն հաղթահարեր 7 %-ը, հիմա հարց չէր ծագի, թե ո՞ւմ նախագիծն են խորհրդարան մտած կուսակցությունները:

Հակառակը՝ ինչպես հայտարարել էր՝ շարունակելու էր փորձերը դաշնակից ունենալ Գագիկ Ծառուկյանին, որին հիմա հայտարարում է ընդդիմություն այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանն անգամ դա չի անում: Սխալ է Արմեն Մարտիրոսյանը, բայց մեղավոր չէ, նա հետևանքն է այն քաղաքական իրականության ու մտածողության, որ քաղաքական դաշտում միշտ եղել են, կան ու լինելու են հրահանգիչներ, սցենարիստներ, գորշ կարդինալներ, որ ստվերում մնալով՝ դասավորում են զինվորիկներին՝ ժողովրդից կուսակցություններ: Իսկ եթե այդպես չէ, եթե ինչ-որ մեկը պոկվում է, ուրեմն դա ևս սցենարի մաս է: Եվ դա հենց այն է, ինչ պետք է այդ հրահանգիչներին, որ եթե ոչինչ էլ չեն անում, եղածը վերագրվի իրենց՝ դա էլ իրենց բրենդն է, որ շարունակվում է ճշմարտության ու ստի, իրականության ու զրպարտության միախառնումով:


Որ «Ժառանգությունը» այլևս անելիք չունի քաղաքական դաշտում, 2013-ից պարզ էր՝ սարերի քամին եկավ ու քանդեց կուսակցությունը, վերջինը հեռացավ Զարուհի Փոստանջյանը: Հիմա այլևս մնացել է քննադատել ուրիշներին, որ կան: Հրաշալի է, որ ՕՐՕ-ն զենքերը վայր չի դնում ու պատրաստ է պայքարը շարունակել, բայց ինչո՞ւ այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանն անիմաստ է համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը: Իրավապաշտպան գործունեությունը «Ժառանգության» դեպքում միշտ ավելի հաջող է ստացվել, քան քաղաքականը: Գուցե վերադառնում են իրենց հաջողված ակունքին, գուցե ՕՐՕ-ն, եթե իսկապես չքանդվի ու պահպանվի իբրև դաշինք, որ իրավ կասկածելի է ֆինանսավորման դադարեցման դեպքում, որոշի իրեն պահել փողոցը՝ շեշտը դնելով «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռերի» հետ համագործակցության վրա: Իրենց որոշելիքն է, բայց ցանկացած գործում նպատակ է պետք, ոչ թե սեփական սխալները ուրիշների ուսերին բարդել ու սուլելով ման գալ՝ մինչև հերթական հրահանգ: Առավել ևս պետք չէ պատրանքներով առաջնորդվել ու իրականությանը խիստ ընտրովի վերաբերվել՝ հիշել, ինչ իրենց ասելիքն է հաստատում ու շրջանցել, ինչ այս ասելիքը հերքում է: Ցավալի է, որ իբրև նախարարներ պետության կյանքում որոշումներ ընդունած մարդիկ հայտնվել են մի վիճակում, երբ նախկին նախագահը իրենց պահում է պահեստայինի կարգավիճակում՝ իրեն անհրաժեշտ պահին նրանց միջոցով ապակայունացման քայլերի համար, որոնք կկոչվեն պայքար ժողովուրդների իրավունքների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Սպասելի էր, որ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե «Ելքը» վայելում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հովանավորությունը, դաշինքը կպատասխանի: Նիկոլ Փաշինյանն ընտրեց Facebook-ը. «Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող և դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության և քնքշանքի ակնհայտ պակաս ունի և նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի: Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:


Բայց թերևս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը: Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչո՞ւ է, օրինակ, Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ: Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենևին կանգնած չէ, կամ իրենք Սարի թաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը և փեսային:


Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյևէ երկմտանքի կարող եք դիմել «Միշիկ&Սաշիկ առանց որևէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»:
Նույնքան սպասելի էր, որ ի հայտ գար նա, ում անունը շոշափվում էր. Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ևս նախընտրեց Facebook-ը.


«Հարգելի պարոն Մարտիրոսյան,
Հարգելի պարոն Փաշինյան,
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։
Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց, ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ոչ Ձեզ հետ, պարոն Մարտիրոսյան, ոչ Ձեզ հետ, պարոն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։ Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալ եմ»:


ՈՒ՝ ի՞նչ: Մի քիչ ուրախություն Ռոբերտ Քոչարյանի համար: Ընդամենը: Ե՞րբ են մարդիկ կարևորում իրենց ստվերը: Երբ կորցնում են իրական կերպարը: Պարզապես Հայաստանում ոչ ոք չի կարդում Սոկրատեսին, իսկ նա ասում էր. «Ցանկացած պարագայում մեղավորի որոնումները սկսիր ինքդ քեզնից՝ վերջում ճշմարտությանը հասնելու համար»: Իսկ որևէ մեկին պե՞տք է ճշմարտությունը:

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ